Վաղը՝ հունվարի 5-ին, ճրագալույցի արարողությունից հետո, Հայ առաքելական եկեղեցիներում կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը։
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում: Qahana.am կայքը պարզաբանում է. Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
Ռուս Ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Ս. Ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածհայտնության տոնը և Սուրբ Մկրտությունը։
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Սուրբ Ծննդյան արարողություններն ունեն հետևյալ ժամանակացույցը։ Հունվարի 5-ին` ժ. 17.00-ին, սկսվում է Ճրագալույցի արարողությունը, կից մատուցվում է Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերն իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմատուցի Ս. Պատարագ Էջմիածնի Մայր տաճարում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Որպես կանոն, Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոնական Ս. Պատարագները մատուցում են թեմական առաջնորդներն առաջնորդանիստ եկեղեցիներում: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել Տնօրհնեքի: